ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ժամանակն է, որ ակտիվ քաղաքականությամբ զբաղվեմ»

«Ժամանակն է, որ ակտիվ  քաղաքականությամբ զբաղվեմ»
01.05.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:

-Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ որոշեցիք կրկին պատգամավոր դառնալ:

-Որոշումը ոչ միայն իմն էր, այլև համայնքի ժողովրդինն էր. համայնքում արվել է բավականին գործ ու ահագին գործ էլ դեռ կա անելու:

-Նիկոլն ասում է` պատգամավորը նրա համար չէ, որ հոգա համայնքի կենցաղային հոգսերը` ջրագիծ քաշի, ասֆալտ փռի:

-Լուծում ենք խնդիրները թե՛ օրենսդրորեն, թե՛ գործնականում:

- Եթե այնպես ստացվի, որ Նիկոլը հաղթի, Դուք կշնորհավորե՞ք նրան:

-Եթե հաղթի, անպայման: Բայց նման բան լինել չի կարող:

-Ինչո՞ւ:

-Ժողովրդի հետ հանդիպումներն են դա ասում:

-Պարոն Ալեքսանյան, Ձեզ սատարում է ՀՀԿ-ն: Այս ընտրություններում ՀՀԿ-ի սատարյալները պետք է անպայման անդամակցեին կուսակցությանը, Ձեզ հաջողվեց մնալ անկախ: Ինչո՞ւ:

-Այդպես ստացվեց:

-Տեսակետ կա, որ ՀՀԿ-ին չանդամակցածներն ընտրություններից հետո կանդամակցեն, հնարավո՞ր է:

-Ամեն բան հնարավոր է:

-Նիկոլի հետ մրցակցությունը Ձեզ բավականին լակոնիկ է դարձրել: Ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ն այս ընտրատարածքում որքա՞ն ձայն կհավաքի:

-Շաա՜տ:

-«Շաա՜տ»` ինչքա՞ն: Ո՞ր կուսակցություններն են այստեղ ֆավորիտ:

-«Հանրապետականը»: Հետո էլի «Հանրապետականը»: Նոր «Բարգավաճը», «Օրինաց երկիրը», դաշնակցությունը, «Ժառանգությունը»:

-Որն ինչ թիվ կունենա:

-Ինչպես բիզնեսով, այնպես էլ գուշակություններով չեմ զբաղվում:

-Բայց, կարծում եք, որ անցկացվելու են արդար ընտրություններ:

-Անցկացվելո՛ւ են: Առավոտյան մարդիկ հանգիստ վեր են կենալու, գնան ձայն տան «Հանրապետականին» ու Ալեքսանյան Սամվելին:

-Հրեդ, կանխագուշակություններով զբաղվեցիք. ինչի՞ց ելնելով եք այդպես կարծում:

-Ժողովրդի հետ հանդիպումներից, ժողովրդի մեջ լինելուց, համայնքի բնակիչ լինելուց, համայնքը լավ ճանաչելուց և վերջապես` նաև իմ կատարած աշխատանքից ելնելով: Ժողովրդի հետ խոսեք, ինքներդ կհամոզվեք: Հետն էլ սպասեք մայիսի 6-ին, համոզվելու:

-Պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում Դուք շատ հետաքրքիր իմիջով եք հանդես գալիս: Եվ ուրեմն, երբ «թողեցիք» Ձեր բիզնեսը, սկսեցիք սարսափելիորեն շատ հարցազրույցներ տալ, այսպես ասած` «իրոնիկ», եթե ավելի անկեղծ` խիստ «շուստրի», քաղաքագիտորեն ձևակերպած` «մրցակցային» մտքեր հայտնելով. իմիջմեյքե՞ր ունեք:

-Չունեմ: Պարզապես ժամանակն է, որ ես քաղաքականությամբ զբաղվեմ: Շատ ավելի ակտիվ: Շատ ավելի մոտիկից: Այդպիսին է իմ որոշումը:

-Ո՞ր ոլորտում` հատկապես:

-Կերևա:

-Ի՜նչ կերևա, արդեն երևացել է. Իրաք էիք գնացել, Հյուսիսային Քրդստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպել. ասել է` գեոպոլիտիկան Ձեր սրտով է:

-Չէ՛, չշտապենք, կերևա: Սպորտը ևս ինձ սրտամոտ է:

-Օ՜, Դուք այդ ասպարեզում արդեն մեկ-երկու նախագծի, լրամշակումների համահեղինակային «փորձ» ունեք, և չեմ հասկանում, թե ինչու եք համեստորեն լռում. ես, հո, քանի անգամ գրել եմ այդ մասին:

-Սպորտի հարցերն էլ են ինձ հետաքրքրում, սոցիալական հարցերն էլ, տնտեսականն էլ:

-Ո՜նց եք հասցնելու էդքանը. էնտեղ էլ` Նիգ-Ապարանն է, դե լավ է, որ էլ «գործարար» չեք, այդքան դաշտը ո՞նց եք ծածկելու:

-Դժվար, բայց հասցնելու եմ:

-Հաստատ «հասցնող» եք. պատճառն էլ երևի այն է, որ էլ գործարար չեք:

-Ոչ թե երևի, այլ հաստատ:

-Հասկացանք: ՈՒ անցանք առաջ: Ի տարբերություն մյուս «ոչ գործարարների», պարոն Ալեքսանյան, մենք Ձեզ ավելի հաճախ ենք պառլամենտում տեսնում, ինչո՞ւ:

-Այսուհետ, ասացի, ընդհանրապես շատ հաճախ եք տեսնելու. ես շատ պարտաճանաչ եմ լինելու: Չեմ բացակայելու, ակտիվ հարցադրումներ եմ կատարելու:

-«Քաշվա՜նք»: Առանց այն էլ Դուք սարսափելի դեմոկրատիկ իմիջի մեջ եք վերջերս հայտնվել. Դուք ոչ միայն «ոչ գործարարների», այլև պատգամավորների թեկնածուների մեջ ամենահասանելին եք և դարձել եք պառլամենտական թիվ մեկ «թոփը»` հարցազրույցներ տալու առումով. չկա հարց, որին Դուք չպատասխանեք` ընդհուպ մինչև ամենաանձնական. է՞դ էլ են Ձեր «չունեցած» իմիջմեյքերները խորհուրդ տվել, թե դա ներքին բխման արդյունք է:

-Բացառապես` ներքին բխման:

-Այդ «թոփությունը», ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու որոշումը արդյո՞ք հեռուն գնացող նպատակներ չեն հետապնդում:

-Երբե՛ք:

-Եվ վերջի համար, նախընտրական Ձեր հիմնադրամում որքա՞ն փող է հավաքվել:

-Փոխանցումներ կան, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել` որքան:

-Հայրապետյան Ռուբենի տված փողը քիչ չէ՞ր:

-Գո՛հ եմ:

-Իսկ Դուք իր հիմնադրամի՞ն:

-Ես այդ մասին արդեն ասել եմ. նա դրա կարիքը չունի: Հետո էլ ես բազմազավակ հայր եմ:

-«Յոթ որդո՛վ եք սեղան նստում». էլի կունենա՞ք։

-Անպայմա՛ն:

Զրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ